Երամները…

By in samhar on March 23, 2014

index

Խումբ-խումբ թռան երամները
Բնավեր ու թափառական,
Հայրենիքիս գարունները
Ու՞ր մնացին, ինչու՞ չեկան:

Ամեն երամ՝ աչքը արցունք,
Հոգում՝ ետդարձի հույսը լուռ,
Տարիներով լքված տներ,
Ուր նայում եմ՝ կողպեքված դուռ:

Երբեմնի շեն օջախներում
Տխուր, մռայլ մի լռություն,
Իմ տարաբախտ ժողովրդին
Ո՞վ մղեց դեպ պանդխտություն:

Շուրջ բոլորս դարդ ու ցավ է,
Մղկտում է սիրտս անվերջ,
Բոլորի վիշտն իմն եմ արել,
Մորմոքներիս էլ չկա վերջ:

Պիտի տեսնե՞մ գարունն անուշ,
Ձմռան ձյուները հալ ընկած,
Հայրենիքս պիտի տեսնե՞մ՝
Ոտքի ելած, նոր կյանք առած:

Պանդուխտներին՝ թափառական,
Հայրենի տուն վերադարձած,
Օջախները՝ ծափ-ծիծաղով
Կենդանացած պիտի տեսնե՞մ: