Խղճուկներ

1061-1

Կարենին ու Ani-ին հարվածողները պատասխանատվության, բայց նաև խղճահարության են արժանի անկախ նրանից՝ փողոցում են, թե ոստիկանության բաժնում: Խղճահարության են արժանի, որովհետև մարդկությունը մտքով հասել է անչափելի հեռուների, իսկ իրենք մնացել են մարդկային զարգացման անցած փուլերում, որտեղ առավելապես առաջնորդվում են անասնական բնազդներով: Նրանք ձեռք են բարձրացրել մարդկանց վրա, ում հետ երբեք չեն կարող մրցել մտքի ամրությամբ և ազնվությամբ: Նրանք չեն գիտակցում, որ մարդ ծեծելը ոչ թե ցուցադրում է իրենց ուժը, այլ մտքի տկարությունն ու հոգու աղքատությունը: Խղճահարության են արժանի, որովհետև նրանց հետ վստահաբար նույն կերպ են վարվել՝ ոչ որպես մարդու հետ, այլ անասունի: Նրանք հավանաբար այլ բան չեն ճանաչել կյանքում, հետևաբար՝ նաև չեն ընկալում, որ ծեծելով հնարավոր չէ վախեցնել և իրենց ենթարկել մարդկանց, ովքեր ազատ են հոգով, ովքեր իրենց նման չեն: Հիմա այդպիսիք ազատ շրջում են փողոցներով, պաշտոնավարում չկայացած պետական մարմիններում, բայց Կարենի ու Անիի նման քաղաքացիների շնորհիվ մի օր շուտով լուսացնելու են մարմնի բանտում, որտեղ ժամանակ և գուցե բարեբախտություն կունենան մտածելու նաև իրենց բանտված մտքի մասին: