Հարգելի հայրենակիցներ

Հարգելի հայրենակիցներ, մի քանի օրից համայն հայութիւնը նշելու է հայ ժողովրդի առաջին ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵԱԿԸ։ Դա պատմական ձեռքբերում էր. ինքնորոշման այդ գործողութեան արդիւնքում հայ ժողովուրդն իր անբեկանելի ԱՅՈ-ն ասաց բազում սերունդների մեծ երազին՝ ազգային անկախութեան գաղափարին։
Սեպտեմբերի քսանմէկն ունեցել է նախապատմութիւն, նախաձեռնողներ եւ առաջամարտիկներ, տեւական մաքառումներ եւ հետեւողական ընթացք։ Մեզ չի ներուի, եթէ օրուայ պատէհապաշտների տրամադրութիւններին տրուելով մենք անտեսենք մեր սերնդին այդ պատմական ձեռքբերումը պարգեւած մեր ՄԵԾԵՐԻՆ եւ ուրանանք օրուա իրական՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ խորհուրդը։ Եթէ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ մէկանգամեայ ձեռքբերում է, ապա ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ մեզ անընդմէջ ուղեկցող, հանապազօրեայ անհրաժեշտ նպատակ-սկզբունք է։


ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ճանապարհով ռազմավարական նպատակը հայ ժողովուրդը ի դէմս իր ազատագրման կազմակերպութեան՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (ԱՄԿ), որդեգրել է 1973 թ.-ին։