Մոլեռանդ ծերուկը

By in samhar on March 11, 2014

17809812

Մի մոլեռանդ ծերուկ կար, ծառայում էր եկեղեցում, այրված մոմերն էր հավաքում-տանում, տարբեր գործեր անում, պատարագի ժամանակ էլ՝ հարձակվում հավատացյալների վրա, թե՝ «Էսպես կանգնի-էնպես կանգնի…»։ Աշակերտ եղած ժամանակ՝ թղթապանակով, հաճախ էի գնում պատարագի, ճեպանկարելու… Մի առավոտ՝ նստարանի ծայրին նստած, ոտքս-ոտքիս, թղթապանակը վրան, նկարում եմ ու ականջիս է հասնում ծերուկի գոռգոռոցը՝ «Տեր հայր, մոտ արի, տես էս հանդուգն…»։ Մի պահ չհասկացա… Տեր հայրը նայում էր հանդարտ, ծերուկը բացատրում էր ինձ, որ ոտքը-ոտքին չի կարելի…

Բացատրեցի, որ հարմար է ու տեր հայրը՝ «Մի խանգարիր», ասելով՝ հեռացրեց ծերուկին։ Հաճախ էի բացակայում դասերից, ժամերով թափառում եկեղեցու շուրջը, նայում տապանաքարերին… «Աստ հանգչի… » Գմբեթի կողից՝ ճառագայթն ընկել էր թեք անկյան տակ, խաչքարի վրա։ Նախշազարդերն եմ նկարում։ Մեղմիկ քայլերով մոտեցավ տեր հայրը, նստեց մի քարի վրա։