Պարզելով, որ կալանաւորն իրաւունք

Պարզելով, որ կալանաւորն իրաւունք ունի ծանօթանալ իր անձնական գործի հետ ես պահանջեցի եւ ստացայ անձնական գործս։ Դրանից առաջ իմ ունեցած առաջին անձնական գործը, ինչպէս երեւում է վերեւում ներկայացուած նիւթերից, Մորդովական ԻՍՍՀ ՆԳՄ Դուբրաւայի աշխատանքային ուղղիչ հիմնարկութեան վարչութեան գրապահոցում՝ «արխիւ»-ում էր։ Երկրորդ անձնական գործս սկսւում էր 1974 թ. փետրուարից։ Նրան ծանոթանալու համար ճամբարի հատուկ բաժնի աշխատակցի ներկայութեամբ ես մի քանի ժամ թերթեցի արդէն ծաւալուն հատորը եւ վերադարձրի։ Ինձ համար ամենազարմանալին հենց սկզբում՝ կազմի երկրորդ էջում տեղադրուած տեղեկանքն էր։ Հաւանաբար Հայաստանի ՊԱԿ-ի աշխատակիցների մտքով չէր

անցել, որ ես երբեւէ կը կարողանամ կարդալ այն։ Դէ, նրանք որտեղի՞ց իմանային Ուղղիչ աշխատանքային օրէնսդրութիւնը, աւելի ճիշտ՝ իրենց ինչի՞ն էր պէտք։ Այն զգացումը, որ իրենց ամեն ինչ կարելի է, այլ բան չէ քան մեծամտութեան ախտ, որը, իհարկէ, բթացնում է զգոնութիւնը։ Այդ փաստաթղթում հատուկ նշուած էր որ հարկաւոր է ինձ մշտապէս մեկուսացուած պահել հայերից եւ մասնաւորապէս, Ռուբէն Խաչատրեանից։